1. Սույն կանոներով կարգավորվում են «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի կողմից «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ» գովազդային ակցիան (այսուհետ, նաև՝ Վիճակախաղ) կազմակերպելու, անցկացնելու հետ կապված հարաբերությունները։ Վիճակախաղը կազմակերպվում է «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի կողմից (այսուհետ՝ Կազմակերպիչ կամ Մոլ, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մազմանյան փողոց թիվ 1, ՀՎՀՀ՝ 01279535):

Վիճակախաղը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում:

ԲԱԺԻՆ 1. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Վիճակախաղի մասնակից (այսուհետ՝ Մասնակից) դառնալու համար անհրաժեշտ է այցելել «Գարաժ Մաստերս Մոլ» և տվյալ օրը օգտվել Մոլում գործող «Գարաժ Պարկ»-ի կամ մանկական խաղահրապարակի ծառայություններից՝ որոնց գումարային հանրագումարը չպետք է պակաս լինի 3.500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամից:

 

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մասնակցության նպատակով գնումները հարկավոր է կատարել մեկ օրվա ընթացքում, Մոլում գործող «Գարաժ Պարկ»-ի կամ մանկական խաղահրապարակի ծառայություններից օգտվելու նպատակով և միայն տվյալ գնման օրվա ընթացքում ներկայացնել մասնակցության հայտ։ Մասնակցության պայմանները շարադրված են սույն Կանոններում։ Նախորդ օրերին կատարված գնումները, որոնց վերաբերյալ հայտ չի ներկայացվել գնման օրվա ընթացքում, հիմք չեն հանդիսանում վիճակախաղի մասնակցության համար։
  • 3.500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և ավելի գնումներ կատարելուց հետո, Մասնակիցը գնման փաստը հաստատող հսկիչ դրամարկղային (այսուհետ՝ ՀԴՄ) կտրոնը (կտրոնները) ներկայացնում է «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնին՝ դրանք գրանցելու և վիճակախաղի մասնակցության կտրոն ստանալու համար: ՀԴՄ կտրոնի պատճենը պահվում է «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնում՝ անհրաժեշտության դեպքում նյունականացնելու համար:
  • ՀԴՄ կտրոնի հիման վրա կատարվում է Մասնակցի գրանցում, «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի կողմից, նախապես կազմված վիճակախաղի մասնակիցների տվյալների էլեկտրոնային պահոցում, որում պարտադիր նշվում են՝

ա/ Գրանցման օրը, ամիսը և ամսաթիվը,

բ/ Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, առկայության դեպքում անձնագրային տվյալները և հեռախոսահամարը,

գ/ մասնակցության համար հիմք հանդիսացող ՀԴՄ կտրոնի (կտրոնների) քանակը, ֆիսկալ համարը և գնումների կատարման օրը, ամիսը և ամսաթիվը:

  • Այնուհետև էլեկտրոնային պահոցում գրանցված տվյալները նույնությամբ գրանցվում են «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ» մասնակցության կտրոնի (այսուհետ՝ Կտրոն) վրա, որը բաղկացած է երկու մասից, ունի նույնական սերիա և համար, ընդ որում՝ գրանցումը կատարելուց հետո լրացված Կտրոնը բաժանվում է երկու մասի, որոնցից մեկը՝ տրվում է Մասնակցին՝ ամրացնելով դրան ՀԴՄ կտրոնը /կտրոնները/, իսկ մյուսը, Մասնակցի ներկայությամբ, նետվում է հատուկ վիճակախաղի համար պատրաստված թափանցիկ, պտտվելու հնարավորությամբ տուփի մեջ, որը  նախապես փակված և կնքված է՝ «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ-ի կնիքով։

ԲԱԺԻՆ 2. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2.1. ՄՐՑԱՆԱԿ (այսուհետ, նաև` Նվեր)

  • Վիճակախաղը տեղի է ունենալու 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 5-ը ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո Վիճակախաղը դադարում է, իսկ դրանից հետո ներկայացված կամ ձեռք բերված ՀԴՄ կտրոնները չեն մասնակցում Վիճակախաղին։
  • Նշված ժամանակահատվածում Մասնակիցը, այցելելով «Գարաժ Մաստերս Մոլ» և օգտվելով Մոլում գործող «Գարաժ Պարկ»-ի կամ Kids Zone մանկական խաղահրապարակի ծառայություններից՝ սկսած 3.500 (երք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամից, կարող է մասնակցել Կազմակերպչի կողմից անցկացվող Վիճակախաղին և շահել մրցանակը.

Ուղևորություն Ֆրանսիա Փարիզ քաղաք՝ մեկ ընտանիքի (4 անձի) համար, 4 օրով, ներառյալ ավիատոմսեր, հյուրանոց, Disney Land, Disney Studio մուտքի տոմսեր:

Ուշադրություն: Նվերի քանակը մեկն է՝ վերոնշված ուղևորության փաթեթը։ Այլ նվերներ կամ մրցանակներ կամ շահումներ ոչ մի պարագայում չեն խաղարկվում:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ԱԿՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է 2025Թ-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 Թ-Ի ԱՊՐԻԼԻ 5-Ը ՆԵՐԱՌՅԱԼ: ՎԻՃԱԿԱԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է 2025 Թ-Ի ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ, ԺԱՄԸ՝ 17:00-ԻՆ՝ «ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ»-ՈՒՄ, Ք. ԵՐԵՎԱՆ, ՄԱԶՄԱՆՅԱՆ 1 ՀԱՍՑԵՈՒՄ:

ԲԱԺԻՆ 3. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

  • Սույն կանոնների 2-րդ բաժնում նշված օրը և ժամին, Կազմակերպչի կողմից սկսվում է խաղարկությունը, որը անցկացվում է հետևյալ եղանակով.
  • Կազմակերպչի նախընտրած Վիճակախաղն անցկացնող անձի՝ Վարողի (այսուհետ՝ Վարող) կողմից, հանդիսավոր կերպով հայտարարվում է վիճակահանության սկիզբը, այնուհետև բոլոր Մասնակիցների ներկայությամբ ստուգվում են նախապես փակված և կնքված վիճակախաղի թափանցիկ, պտտվող տուփը և բացում վրան եղած կնիքները:
  • Վարողը հրապարակում է խաղարկվող նվերի անվանումը և այլ անհատականացնող տվյալներն՝ ըստ Կազմակերպչի կողմից ընտրված հերթականության:
  • Այնուհետև Վարողը վիճակահանության թափանցիկ տուփը պտտելուց հետո պատահականության սկզբունքով տուփից հանում է մեկ Կտրոն և հրապարակում Կտրոնում առկա Մասնակցի անհատականացնող տվյալները, ինչպես նաև Կտրոնի համարը:
  • Խաղարկության ներկա գտնվող և Վարողի կողմից հրապարակված անհատականացնող տվյալներով Մասնակիցը մոտենում է Վարողին և ներկայացնում մասնակցության Կտրոնի իր մոտ առկա մյուս մասը /օրինակը/, որի տվյալները պարտադիր պետք է համապատասխանեն Վարողի կողմից հրապարակված շահող Կտրոնում առկա տվյալներին, ինչպես նաև մասնակցության Կտրոն ստանալու հիմք հանդիսացող ՀԴՄ կտրոնը՝ դրանում առկա ֆիսկալ համարը Վարողի կողմից հրապարակված Կտրոնում առկա տվյալների հետ համեմատելու համար:
  • ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Մասնակցողը վիճակահանությանը մասնակցելու և շահումը ստանալու համար պետք է ներկայանա Կազմակերպչի կողմից սույն կանոնների 2-րդ բաժնում նշված օրը և ժամին անձամբ, անձը հաստատող փաստաթղթով և խաղարկության Կտրոնով՝ ՀԴՄ կտրոնը ամրակցված վիճակում: Խաղարկության կտրոնի և (կամ) դրան ամրակցված ՀԴՄ կտրոնի բացակայության (կամ) անձամբ չներկայանալու պարագայում, Մասնակիցը զրկվում է շահումը ստանալու հնարավորությունից, իսկ հայտարարված նույն մրցանակի համար Վարողը շարունակում է վիճակահանությունը նույն պայմաններով: Մասնակցի չներկայանալու դեպքում նույն Մրցանակի համար վիճակահանությունը շարունակվում է անընդմեջ մինչև այլ Մասնակցի կողմից այն շահելը: 

ԲԱԺԻՆ 4. ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Որպես մրցանակ Կազմակերպչի կողմից խաղարկվում է ուղևորություն Ֆրանսիա Փարիզ քաղաք՝ սույն Կանոններում նշված պայմաններին համապատասխան:
  • Սույն Կանոնների 3-րդ բաժնի պայմաններին համապատասխան մրցանակ շահող Մասնակցին Կազմակերպչի կողմից տրվում է հավաստագիր:
  • Հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել Կազմակերպչի նշած զբոսաշրջային ընկերությանը՝ մրցանակը ստանալու համար:

ԲԱԺԻՆ 5. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

  • Վիճակախաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ռեզիդենտները` բացառությամբ Վիճակախաղի գովազդող գործակալությունների և/կամ վիճակահանություն կազմակերպող և/կամ ցանկացած այլ գործակալությունների, որոնք փոխկապակցված են սույն Վիճակախաղի հետ կամ մասնակցող դիստրիբյուտորների, աշխատողների, ինչպես նաև նշված բոլոր անձանց ընտանիքների անմիջական անդամների:
  • Կազմակերպիչն իրավունք ունի (բայց պարտավոր չէ) պահանջել ցանկացած Մասնակցից նրա տարիքը հաստատող փաստաթղթեր և իրավունք ունի մերժել  մասնակցության Կտրոն տրամադրելն այն անձին, ում տարիքը (ըստ փաստաթղթերի կամ ըստ Կազմակերպչի) ցածր է սույն բաժնում նշված նվազագույն տարիքային շեմից:

ԲԱԺԻՆ 6. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում տպել, կնքել, դրոշմել կամ այլ կերպ տեղադրել մեկ կամ ավելի գաղտնի կամ թաքնված նշաններ, և/կամ գաղտնի ծածկագրեր, և/կամ թվեր, և/կամ տառեր (այսուհետ բոլորը միասին` Գաղտնի Ծածկագիր(եր)), որոնք հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչը հստակորեն կսահմանի և կորոշի, թե արդյո՞ք Մասնակցի կողմից ներկայացված ցանկացած Կտրոն վավեր է, թե՞ ոչ (այդ թվում՝ կեղծ): Որևէ վեճի դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չբացահայտելու Գաղտնի Ծածկագիր(եր)ը մինչև խաղարկության և  վիճակահանության օրը՝ ինչպես նշված է սույն Կանոններում: Մասնակցելով սույն Վիճակախաղին` Մասնակիցները համաձայնվում են, որ նրանք չեն կարող որևէ կերպ վիճարկել սույն կետում նշված Կազմակերպչի՝ տեղեկատվությունը չհրապարակելու իրավունքը:
  • Ցանկացած Կտրոն, որը կեղծված է, ներառյալ ցանկացած մանիպուլյացիայի դեպքում Կտրոնի հետ՝ առանց որևէ սահմանափակման, առոչինչ է համարվում կամ համարվելու:
  • Ցանկացած Կտրոն, որն անընթեռնելի է, պատռված, կրկնօրինակված, կեղծված, կտրատված, վնասված, պարունակում է տպագրական, տիպաբանական կամ այլ սխալներ, կամ ձեռք է բերվել ոչ օրինական ձևով, առոչինչ է համարվում:
  • Կտրոնի (Կտրոնների) իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում: Կազմակերպիչը պարտավոր չէ առոչինչ Կտրոնի կամ իր կողմից առոչինչ ճանաչված Կտրոնի կապակցությամբ տալ բացատրություններ:

ԲԱԺԻՆ 7. ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՈՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

  • Ոչ մի դեպքում չի թույլատրվում փոխարինել Մրցանակը կանխիկ գումարով կամ այլ միջոցներով:

ԲԱԺԻՆ 8. ԾԱԽՍԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ

  • Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Վիճակախաղին մասնակցելու հետ կապված որևէ ծախսերի (այդ թվում՝ հարկերի և տուրքերի) համար, որոնք Մասնակիցները կարող են կրել Մրցանակը ստանալու և/կամ գրանցելու, հաշվառելու համար:

ԲԱԺԻՆ 9. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԻՃԱԿԱԽԱՂՈՒՄ

  • Կազմակերպիչն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ չեղյալ համարել, կասեցնել սույն Վիճակախաղը, կրճատել կամ երկարաձգել դրա ժամկետը, ինչպես նաև փոփոխել Կանոնների դրույթներն ու պայմանները` ինչպես որ նպատակահարմար կգտնի:
  • Կազմակերպիչն իրավունք ունի տեղեկացնել Մասնակիցներին այդպիսի փոփոխությունների մասին՝ իր կողմից իր հայեցողությամբ ընտրված մամուլում հայտարարություն տալով կամ միայն Վեբկայքում հայտարարություն տեղադրելով (այսուհետ՝ Հայտարարություն): Այդպիսի Հայտարարությունը բավարար կհամարվի Վիճակախաղը չեղյալ համարելու, դադարեցնելու, երկարաձգելու, Վիճակախաղի Կանոններում փոփոխություններ կատարելու մասին սպառողներին տեղեկացնելու համար:

ԲԱԺԻՆ 10.  «ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

  • Վիճակախաղի սույն կանոնների ոչ մի դրույթ որևէ Մասնակցին իրավունք չի տալիս տիրապետել կամ օգտվել «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերության ապրանքային նշանը: Սույն կանոնների ոչ մի դրույթ, ինչպես նաև Վիճակախաղին մասնակցելը ոչ մի իրավունք չի տալիս Մասնակցին օգտագործել կամ հիշատակել «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերության անունը, խորհրդանիշը, ապրանքային նշանը կամ հեղինակային իրավունքները մարքեթինգային կամ գովազդային նպատակներով և Վիճակախաղին չվերաբերվող որևէ այլ նպատակներով` առանց Կազմակերպչի նախնական գրավոր համաձայնության: Մասնակիցը ընդունում է և երբեք չի վիճարկելու «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերության ապրանքային նշանի վավերությունը կամ Ընկերության սեփականության իրավունքը դրա նկատմամբ:
  • Եթե Մասնակիցը խախտում է Ընկերության ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները, Կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու, և Մասնակիցը պարտավոր է Կազմակերպչի առաջին իսկ պահանջով փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք վերը նշված խախտման պատճառով կարող է կրել «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերությունը:

ԲԱԺԻՆ 11. ԾԱՆՈՒՑՈՒՄ

  • Սույն Վիճակախաղի Կանոնների վերաբերյալ տեղեկություններ Մասնակիցները կարող են ստանալ «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերության պաշտոնական՝ GMM.AM կայք էջից կամ զանգահարելով 011 28 50 10 հեռախոսահամարին:

ՎԻՃԱԿԱԽԱՂԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆՐԱՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ. ԵՎ ՈՐ ՆՐԱՆՔ ԿՊԱՀՊԱՆԵՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ: